ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանն ԱԺ նիստում խոսել է սահմանի լարված իրավիճակի մասին:
«Պետությունների եւ խորհրդարանների, արտաքին գործերի նախարարությունների եւ հանձնաժողովների հարգարժան ղեկավարներ, խաղաղության եւ անվտանգության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների հարգելի ղեկավարներ,
արդեն մեկ տարի է, ինչ ավարտվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմը: Այլ կերպ ասած՝ ավարտվել է լայնածավալ ռազմական առաջխաղացումը Լեռնային Ղարաբաղի եւ այնտեղի հայ ժողովրդի դեմ: Սակայն Ադրբեջանը սկսել է մեկ այլ տեսակի պատերազմ՝ այս անգամ դանդաղ ներխուժելով Հայաստանի Հանրապետության տարածք եւ խախտելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը:
Ադրբեջանական բանակն այս տարվա մայիսին մի քանի հատվածներից ներթափանցել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ շարունակում է մնալ մեր ինքնիշխան տարածքում՝ պարբերաբար փորձելով առաջ շարժվել՝ կրակ բացելով եւ մարտեր հրահրելով:
Մարտեր են ընթանում հենց այս պահին` իմ խոսքի ընթացքում:
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ խոսքը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի մասին է: Այն որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ եւ աշխարհագրորեն հեռու է Լեռնային Ղարաբաղի ներկայիս շփման գծից:
Քանի որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի պատշաճ սահմանազատում տեղի չի ունեցել, Ադրբեջանն այս հանգամանքն օգտագործում է որպես պատրվակ՝ ներկայացնելու կեղծ հայելային մեղադրանքներ, թե իբր Հայաստանն է հրահրում մարտերը: Այնուամենայնիվ, Հայաստանը չի կարող լինել այս «սողացող» պատերազմի նախաձեռնողը իր իսկ սահմանների ներսում, քանի որ մենք դա անելու շարժառիթ չունենք:
Ընդհակառակը, Հայաստանը բազմիցս հայտարարել է այս իրավիճակի կարգավորման իր տեսլականի մասին: Մենք առաջարկում ենք, որ եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական զինված ուժերը հեռանան Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանից՝ տարածք տալով սահմանազատման գործընթաց սկսելու համար:
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություններ է տարածել, որոնցում կոչ է անում, մեջբերում եմ` «վերատեղակայել զինված ուժերը, դեէսկալացնել իրավիճակը եւ սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները խաղաղ ճանապարհով»:
Մենք պատրաստ ենք կատարել մեր ստանձնած պարտավորությունները եւ առաջ շարժվել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած ճանապարհով` այս իրավիճակը կարգավորելու համար: Այնուամենայնիվ, մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, պատշաճ ճնշումը Ադրբեջանի վրա` վերջինիս կառուցողական դաշտ բերելու, իր զորքերը հեռացնելու եւ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման խաղաղ գործընթացում ներգրավվելու համար»,-ասել է պատգամավորը: